четверг, 24 января 2013 г.

Մոնիկա Բելլուչչի






Երկար տարիներ նա համարվում է գեղեցկության խորհրդանիշ: Նույնիսկ այսօր' 49 տարեկան հասակում, Մոնիկա Բելլուչչին համարվում է կինոաշխարհի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկը, ում նկարն իրենց շապիկին կրելը պատիվ է ցանկացած հեղինակավոր ամսագրի համար: Մոնիկան մինչ օրս նկարահանվում է կոսմետիկ պարագաների գովազդային հոլովակներում: Վերջերս դերասանուհին նկարահանվել է “Dolce&Gabbana”-ի գովազդային արշավում' ներկայացնելով հայտնի բրենդի կարմիր շրթներկը, իսկ 2012 թ-ին Բելլուչչին նկարահանվել է “Ռնգեղջյուրների սեզոն” (“Rhinos Season”) ֆիլմում:
Ներկայացնում ենք գեղեցկուհի Մոնիկայի տված հարցազրույցը “swide.com” կայքին, որտեղ դերասանուհին համարձակորեն խոսում է իր տարիքի, ինչպես նաև ֆիլմում իր մարմնավորած հերոսուհու և այլ թեմաների մասին:
-Մոնիկա՛, ինչո՞ւ են Ձեր ծնողները որոշել հենց այդպես Ձեզ անվանել:
-Այդ անունը մայրիկս է ընտրել, չգիտեմ ինչու… բայց մի բան հաստատ է' ես չէի ցանկանա այլ անուն ունենալ:
-Մոնիկա անունն առաջացել է “MONOS” արմատից, որը թարգմանաբար նշանակում է “եզակի”: Ի՞նչ եք կարծում' երբ է կինն այդպիսին լինում:
-Կարծում եմ' կինն անկրկնելի է և եզակի, երբ նա այնպիսին է, ինչպիսին որ կա, երբ նա երջանիկ է այն մարդու հետ, ով իր կողքին է: Սակայն մի ամբողջ կյանք է պահանջվում այդ ամենին հասնելու համար: Բացի այդ, “monos”-ն ունի նաև “մեկուսացած” բառի իմաստը, ինչն ավելի է սազում իմ անձին: Ես շատ անկախ եմ և երբեմն իրոք մեկուսանալու կարիք ունեմ…
-Դուք համարվում եք գեղեցկության խորհրդանիշ: Արդյո՞ք գեղեցկությունը զենք է:
-Այո, այն երկկողմանի սուր է. երբեմն այն քեզ թակարդն է գցում, այդ պատճառով էլ ես շատ ուրախ եմ, որ Ստեֆանոն և Դոմինիկոն, հանձին ինձ, հասուն կնոջ են ընտրել իրենց ապրանքանիշը ներկայացնելու համար: Սա ապացուցում է, թե որքան են նրանք հարգում կանանց: Երբ բնատուր գեղեցկությունը սկսում է չքանալ, մեկ այլ գեղեցկություն է գալիս դրան փոխարինելու…դա մի այնպիսի գեղեցկություն է, որը կարող ես ձեռք բերել միայն կյանքի որոշակի փորձից հետո: Այն արտացոլվում է քո աչքերի մեջ…
-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր եկել “Ռնգեղջյուրների սեզոն” ֆիլմի Ձեր կերպարի մեջ:
-Նախ ասեմ, որ շատ հետաքրքիր էր ռեժիսոր Բահման Գհոբադիի հետ աշխատելը: Նա ինձ հնարավորություն էր տալիս իմ ձևով ներկայացնել մի այնպիսի ուժեղ կնոջ, ով 30 տարի ապրել է իրանական իրականության մեջ: Ինձ համար սա անգնահատելի փորձ էր, քանի որ ներկայացնում էի մեկին, ում մշակույթն ամբողջովին տարբերվում է իմ մշակույթից:
-Խաղալով այս ֆիլմում' ի՞նչ կարծիք կազմեցիք չադրա կրող կանանց մասին:
-Ես, առհասարակ, հարգում եմ բոլոր կրոնները: Կարծում եմ' եթե կինը կամավոր է ցանկանում ծածկել իր դեմքը, ապա դա լավ է, իհարկե…Այլ բան է, եթե նրան ստիպում են… եթե նա այն ստիպված է կրում' հասարակական, քաղաքական և կրոնական ճնշումներից խուսափելու համար:
Տեղեկացնենք, որ իսպանական “Vanity Fair” ամսագրի 2013 թ-ի փետրվար ամսվա շապիկին լինելու է Մոնիկա Բելլուչչին

Комментариев нет:

Отправить комментарий